Քյարամյանը՝ Շուշիից գումար տանելու մասին․ Օհանյանի հետ հեռացել ենք ոսկեգույն մեքենայով, տարել ռացիաներ, զինամթերք

Քյարամյանը՝ Շուշիից գումար տանելու մասին․ Օհանյանի հետ հեռացել ենք ոսկեգույն մեքենայով, տարել ռացիաներ, զինամթերք

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության նախկին տնօրեն, Քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանը պատասխանել է Շուշիից գումարներ տեղափոխելու մասին իրեն ուղված մեղադրանքներին՝ նշելով, որ քաղաքից դուրս է եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի։

Քյարամյանի խոսքով՝ իրեն ու Օհանյանին քաղաքից դուրս հանածը ոչ թե ինկասացիայի մեքենա է եղել, այլ ոսկեգույն Nissan՝ բեռնախցիկում էլ՝ քարտեզներ, ռացիաներ, զինամթերք:

Քյարամյանը նաև ասել է, որ իր՝ Շուշիից գումարներ հանելու մասին լուրը նախ հրապարակել է անհայտ ծագման տելեգրամյան մի ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։ Նա նաև ներկայացրել է՝ ինչպես է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն իր զորախմբի հետ լքել Շուշիի պաշտպանական գործողության վայրը։ Նրա խոսքով՝ ինքը Շուշի էր գնացել աշխարհազորայինին միանալու, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Շուշիի վրա հարձակման օրը շտաբ է եկել նաև Արթուր Վանեցյանն ու ասել, որ զորախմբով եկել են Արցախ, պետք է տեղակայվեն այլ վայր, բայց ՊԲ-ն իրենց ուղարկել է Շուշի։

«Այդ օրը գիշերը թշնամին հարձակվում է Շուշիի ուղղությամբ, հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ, առաջարկում է գալ որոշակի դիրքում տեղակայվել, Վանեցյանի զորախմբից պատասխանում են՝ նոր ենք եկել, դեռ պատրաստ չենք մարտական գործողության մասնակցելու։ Սեյրան Օհանյանը ինձ առաջարկում է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել գալ և տեղակայվել մարտական գործողություններին հարակից մի վայրում: Ես գնում եմ, հանդիպում եմ Վանեցյանին, ասում եմ, որ այսպիսի խնդիր ունենք մենք, Վանեցյանը համաձայնում է, ասում է` որևէ խնդիր չկա և պատրաստ են գնալ և ցանկացած վայրում տեղակայվել:

Միասին մեքենաներով շարժվում ենք այն վայրը, որտեղ որ զորախումբը պետք է տեղակայվի, այնտեղ մեզ դիմավորում է Արցախի ոստիկանապետը, փոքր ջոկատներով գնում ենք տեղակայման վայր, որտեղ որ «Հայրենիք» զորախումբը պետք է խրամատավորվեր, սակայն չի խարամատավորվում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Մենք մի գնդապետի և 10 կամավորի հետ որոշում ենք մի բարձունքում տեղակայվել, գնում ենք, ճանապարհին մեկ այլ դիրք ենք նկատում, որն էլի հարմար է և ես հետ եմ գնում, որ էլի խումբ բերեմ և այդ դիրքում տեղակայեմ, այդ ընթացքում տեխնիկական պատճառներով զորախմբի ծառայակիցների մեկի ճկույթը վնասվում է և երբ դիրքերից մեկում վիրավորվում զորախմբի մեկ այլ անդամ, գնում ենք, որ իջեցնենք, հետ գալուց արդեն Վանեցյանը տեղակայման վայրում չի լինում:

Հետագայում պարզել ենք, որ շտաբում է, մոտ 2-3 ժամ փորձել ենք պարզել կատարվածը, հետո վերադարձել ենք շտաբ և Վանեցյանը շտաբում չի եղել, վերադարձել է Ստեփանակերտ: Դրանից հետո գնդապետն ինձ ասում է, որ զորախմբից ոչ մեկ չկա տեղակայման վայրում, մենք այդ վայրում լրիվ այլ ստորաբաժանում ենք տեղակայում»,- պատմել է Քյարամյանը։

44-օրյա պատերազմի օրերին Շուշիի անկման մասին տարբեր քննարկումներ և պատմություններ էին շրջանառվում՝ այդ թվում նաև այնտեղից միլիոնավոր դրամներ բերելու մասին լուրեր։ Քյարամյանն անդրադարձել ու հերքել է հենց դրանք։ Ավելի ուշ քննարկվում էր նաև, թե Վանեցյանը լքել է իրեն վստահված դիրքը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---