ԿԳՄՍՆ․ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ երեխաները չեն գնահատվի

ԿԳՄՍՆ․ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ երեխաները չեն գնահատվի

PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հանրակրթական չափորոշիչների մասին նախագիծը: Դրանով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով: 10 միավորանոց գնահատման համակարգում անբավարար գնահատականներ չեն լինի, և յուրաքանչյուր միավոր կդիտարկվի որպես առաջընթաց։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը հայեցակարգային է, հավասարապես շեշտադրվելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակթության հիմնական անելիք։

«Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում, հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը», - ասվում է նախագծում։

Անդրեասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ՝ ավագ դպրոցներից մինչև միջնակարգ՝ կրթության նոր չափորոշիչներ ներդնելու համար։ Փոխնախարարի խոսքով՝ չափորոշիչը մինչև ներդրվելը պետք է փորձարկվի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---