ՎԶՄԲ-ի $7․4 մլն վարկով կկառուցվեն և կհագեցվեն Մարտունու և Վայոց ձորի ԲԿ-ները

ՎԶՄԲ-ի $7․4 մլն վարկով կկառուցվեն և կհագեցվեն Մարտունու և Վայոց ձորի ԲԿ-ները

PanARMENIAN.Net - «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7․4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների կողմից, կնպաստի ՀՀ առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։

7․4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սպրեդով ՎԶՄԲ վարկ է, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25․5 տարի։

Ծրագրի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կլրացնի Գեղարքունիքի մարզում Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության և սարքավորումներով հագեցման և Վայոց Ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման և սարքավորումներով հագեցման ֆինանսական ճեղքը։

«Հայաստանի առողջապահական բարեփոխումներին ուղղված մեր աջակցության հիմքում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման հզորացումն է»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։

«Ինձ հատկապես գոհացնում է այն, որ ծրագիրը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզի ավելի քան 137,000 բնակչի կապահովի որակյալ բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությամբ։ Մեծ հպարտություն եմ զգում նաև մեր օգնությամբ կառուցված և սարքավորումներով հագեցված մարզային բժշկական կենտրոնների թվի համար՝ ընդհանուր թվով 18 կենտրոն, ինչը Համաշխարհային բանկի և ՀՀ միջև երկարատև համագործակցության արդյունքն է»,-հավելել է նա։

«Ծրագրի միջոցով տրամադրվող աջակցությամբ կկրճատվի անհրաժեշտ ծառայություններից օգտվելու ժամանակն ու ծախսը՝ հատկապես Վայոց Ձորի թերսպասարկվող մարզում»,-ասել է ծրագրի մասով Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, դկտ․ Ադանա Չուկվուման։

Բուժօգնության ապահովման սուր խնդիրներ կան հատկապես Վայոց Ձորի մարզում, որտեղ տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել։ Վայոց Ձորի մարզում համավարակի ընթացքում ինտեսիվ թերապիա պահանջող դեպքերը տեղափոխվել են շրջակա մարզերի հիվանդանոցներ՝ առաջացնելով ծառայությունների հասանելիության ուշացումներ և մահացության ռիսկի բարձրացում։

1992 թ․-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թ․ ՄԶԸ անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,434,734 դոլար են կազմել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---