Ութոտնուկը ծովափին ու «նրանց քշելու են»․ Ընդդիմության արձագանքն «Իմ քայլի» հայտարարությանը

Ութոտնուկը ծովափին ու «նրանց քշելու են»․ Ընդդիմության արձագանքն «Իմ քայլի» հայտարարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն արձագանքել են իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ արտահերթ ընտրությունների պահանջ չտեսնելու մասին հայտարարությանը։

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս ԲՀԿ-ի ու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, պահանջել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա առանց քաղաքական սակարկությունների՝ մերժելով քննարկել միայն ընտրությունների անցկացման պայմանները և մնացած հարցերը։

Ըստ պատգամավորի՝ «փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել»՝ առանց կարմրելու։

«Ավելին, ինքը` Ծառուկյանը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունն այլընտրանք չունի, իսկ Փաշինյանի հեռանալուց հետո, անցումային շրջանից հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Այնպես որ վերջ տվեք ստախոսությանը, միևնույն է դա ձեզ չի օգնի երկարաձգել ձեր իշխանության քաղաքական կյանքը»,- գրել է Աբովյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ծովափին շարժվող ութոտնուկի տեսնայութ` մակագրելով այն «Արտահերթ ընտրություններ չեն լինի»։

ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե արտահերթ ընտրության մտքից հրաժարվելու պատճառն այն է, որ «Նիկոլ Փաշինյանը հասկացել է՝ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի»:

«Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։ Երրորդ՝ մտածում են՝ Շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա։ Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել»,- գրել է նա։

Սաղաթելյանը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 20-ին նոր հանրահավաք է սպասվում։

«Նրանց քշելու են, ու բացառվում էր, որ դա լիներ ընտրության միջոցով։ Նրանց միայն սրբելու են»,- գրել է ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը։

Փետրվարի 7-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իրենք արտահերթի պահանջ չեն տեսնում «հասարակության լայն շերտերում»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---