«Ավրորան» ավելի քան $470,000 աջակցություն է ուղղել Արցախի օգնության ծրագրին

«Ավրորան» ավելի քան $470,000 աջակցություն է ուղղել Արցախի օգնության ծրագրին

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ավելի քան $470,000 աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին։ Գործընկեր կազմակերպությունների հետ #AraratChallenge նախաձեռնությունն աջակցում է 48 նախագծի, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրում տեղահանված մարդկանց, ֆինանսական աջակցության միջոցով վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքներն Արցախում, ինչպես նաև կապ ստեղծում կամավորների և մարդասիրական կազմակերպությունների միջև:

Ծրագիրը շարունակում է ընդլայնվել։

«Հաշվի առնելով «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը, որոշում կայացվեց ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի. «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ որպես «Ավրորայի» արցախյան ծրագրի ղեկավար: «Ավրորան» արդեն աջակցել է մոտ 50 նախագծերի, որոնք ուղղված են տեղացիների առաջնային կարիքներին՝ փոխելով հազարավոր արցախցիների կյանքը:

Միաժամանակ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել կազմակերպություններից, որոնք աջակցության կարիք ունեն տեղերում: Հայտերը կարելի է ուղարկել info@auroraprize.com էլեկտրոնային հասցեով»,-ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:

«2020 թ. աշնան պատերազմի հետևանքները հաղթահարելը մարտահրավեր է յուրաքանչյուր հայի համար: «Ավրորան» կարող է միավորել բոլորիս և օգնել հաղթահարել այն: Միասին մենք կարող ենք շատ ավելին անել, քան կարծում ենք»,- ասել է Նարինե Աղաբալյանը:

Աղաբալյանն ավելի քան 8 տարի եղել է Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, ավելի ուշ՝ մինչև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը միանալը, զբաղեցրել է Կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը:

Որպես Արցախի ծրագրի ղեկավար՝ Նարինե Աղաբալյանը կհամակարգի «Ավրորայի» աջակցությամբ Արցախի համար իրականացվող նախագծերը, ինչպես նաև կմշակի հումանիտար հարթակ, որը կմիավորի շահագրգիռ բոլոր կողմերին և հնարավորություն կտա Արցախի վերականգնման հետ կապված հիմնական աշխատանքներն ու ֆինանսները համակարգել կենտրոնացված համակարգից:

Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և նրանց հիմնադրած կազմակերպությունները ներգրավված են եղել Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Դրանից բացի, «Ավրորա» մրցանակի դափնեկիրները՝ սկսած առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեից, ամեն տարի այցելել են Արցախ՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---