ՄԻՊ․ Սյունիքում ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը պետք է բացառվի

ՄԻՊ․ Սյունիքում ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը պետք է բացառվի

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:

ՄԻՊ-ը նշել է, որ նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին:

«Ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը.

Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ-ները պետք է ունենան Ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ Նախատեսվում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայր:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի սահմաններին տեղի ունեցողը ոչ թե մարզը հանձնելու պրոցես է, այլ ընդհակառակը՝ մարզի անվտանգությունն ապահովելու համար է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---