ԱԽ քարտուղար․ 2016-ի ապրիլին Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել Ադրբեջանին, որ պատերազմը կանգնի

ԱԽ քարտուղար․ 2016-ի ապրիլին Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել Ադրբեջանին, որ պատերազմը կանգնի

PanARMENIAN.Net - 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանգնել է Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի խոստումների հետևանքով, այդ խոստումները գոհացրել են Ադրբեջանին, որն էլ համաձայնել է կանգնեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց է ենթադրում և այդ ժամանակացույցը որոշակի չափով ամառվա ընթացքում էր, ամառվա ընթացքում տեղի է ունենում «Սանա ծռերը», որը օգտագործելով Սերժ Սարգսյանը ևս որոշակի չափով հետաձգում է մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիայի հետաձգում, բայց այդ մարդը բազմաթիվ այդ խոստումները տալով, ստեղծելով այդպիսի բեռ ՀՀ համար լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է, որ «ես պատրաստ էի ստորագրելու, ես պատրաստ էի ինչ-որ քայլերի», մինչդեռ ես հստակ ասեմ, որ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Սարգսյանը կարող է ավելի հստակ ասել այդ խոստումների մասին, բայց ապրիլյան պատերազմը կանգնել է, և դրան հետևել է ժամանակացույց, ըստ որի պետք է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին: Ըստ Գրիգորյանի՝ եթե Ադրբեջանը կանգնել է, այդ խոստումները, «բնականաբար, պետք է որ գոհացրած լինեն»:

Փետրվարի 15-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում խոսել էր նաև Ապրիլյան պատերազմի մասին։ Սարգսյանը նշել է, որ Ապրիլյանը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը։

Սարգսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, և, կրելով մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ։

«Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք բացարձակապես չհամաձայնեցինք, ասացինք՝ ոչ։ Գիտեք, եթե մենք այնտեղ այլ պայմանավորվածություններ ունենայինք, և քանի որ այդ հանդիպումը եղել է եռակողմ, ապա երրորդ կողմը, այսինքն՝ համանախագահ Ռուսաստանը, այդ մասին կհայտարարեր որևէ օր՝ գոնե այն պատճառով, որ ինքը այսպես իր վարքին վնաս չհասցնի, որովհետև չէր կարող ռուսական կողմն այդպիսի խոսակցության, այդպիսի պայմանավորվածության վկան լինել ու դրա մասին չհայտնել իր գործընկերներին՝ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային։

Տեսնո՞ւմ եք՝ շրջանակն ինչքան է ընդլայնվում։ Այնպես, ինչպես ՌԴ արտաքին գործերի նախարարությունը (ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահ Անդրեյ) Պոպովի շուրթերով հայտարարեց, թե ինչպիսի փաստաթուղթ էր սեղանին՝ մինչև 2018-ի գարնանային իրադարձությունները, այնպես էլ կհայտարարեր, որ այդպիսի պայմաններ են եղել։ Եվ, մյուս կողմից, եթե այդպիսի պայմանավորվածություն է եղել, բա ինչպե՞ս է սեղանին մինչև 2018-ը մնացել փաթեթային լուծման տարբերակ»,-հարցազրույցի ժամանակ ասել էր Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---