Իտալիան ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահն ասել է, որ հայ-իտալական հարաբերությունները զարգացման լավ հեռանկար ունեն`այդ համատեքստում կարեւորելով քաղաքական երկխոսության եւ փոխադարձ շփումների ակտիվացումը: Իտալիայի փոխարտգործնախարարի խոսքով` իր երկիրը եւս հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ, որի համար կան լուրջ նախադրյալներ եւ բարի կամք:



Նշելով, որ երկու երկրների ցանկությունները համահունչ են, նախագահ Սարգսյանը դեպի եվրոպական ընտանիք ճանապարհին Հայաստանի համար էական է համարել Իտալիայի նման առաջատար երկրի հետ երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության ընդլայնումը: Կողմերը խոսել են նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության մասին` նկատելով, որ այն համագործակցության լայն հնարավորություններ է բացում: Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է գործակցության տարածաշրջանային բաղադրիչը:



Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին` անցած տարվա օգոստոսին վրաց-օսական ճգնաժամի շրջանում Իտալիայի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով`այդ իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկարային է, եւ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ճանապարհով: Նշելով, որ իր երկիրը շահագրգռված է Կովկասում կայունության հաստատմամբ, Ալֆրեդո Մոնտիկան ասել է, որ Իտալիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի զարգացումներին: Հայաստանի ղեկավարը բարձր է գնահատել տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Իտալիայի հավասարակշռված վերաբերմունքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---