Ավինյան․ Սահմանապահները ժամանակավոր տեղակայվում են 1975-1976թթ. ԽՍՀՄ ռազմական քարտեզների հիմքով

Ավինյան․ Սահմանապահները ժամանակավոր տեղակայվում են 1975-1976թթ. ԽՍՀՄ ռազմական քարտեզների հիմքով

PanARMENIAN.Net - Երևանն ու Բաքուն սահմանների իրավական ամրագրում չեն իրականացնում, և Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նաև պնդել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ի և այս տարվա հունվարի 11-ի մոսկովյան հայտնի եռակողմ հայտարարություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել։

«Ոչ։ Արդբեջանի հետ Հայաստանը, բացի այդ երկու փաստաթղթից, եթե չեմ սխալվում, եթե այս վերջին բանակցությունների ընթացքում փոխվարչապետերի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, հուշագիր․․․ ոնց որ թե չի ստորագրվել, որը կարող էր վերաբերվել կոմունիկացիաներին, նման փաստաթղթի գոյության մասին համենայն դեպս ես տեղեկացված չեմ։ Իսկ Գորիս-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունները ռուսական կողմի հետ են, և ռուս սահմանապահներն էնտեղ տեղակայված են այդ պայմանավորվածությունների հիմքով»։

Փոխվարչապետը նշել է, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան իրավական գործընթացներ են։

«Որպես այդպիսին իրավական ամրագրում մեր սահմանների Ադրբեջանի հետ մենք չունենք։ Նման պրոցեսի համար մեզ պետք է, առաջին հերթին, կարծում եմ՝ երկկողմ հարաբերություններ ունենալ, որովհետև այդ իրավական պրոցեսները ենթադրում են նվազագույնը երկկողմ հարաբերությունների հաստատում։ Փաստացի դա, կարելի է ասել, սահմանապահների տեղակայում է՝ որոշակի տրամաբանությամբ, 1975-76 թվերի ռազմական քարտեզների տրամաբանությամբ, որոնք որ ժամանակավոր տեղակայում են, մինչև որ կլինի վերջնական դելիմիտացիան և դեմարկացիան»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են որևէ փաստաթուղթ կնքել, որով կողմերը կճանաչեն միմյանց ընդհանուր պետական սահմանը՝ Ավինյանն ասել է, որ դա հենց դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցես է ենթադրում։

«Դա նվազագույնը մի քանի տարվա խնդիր է, բավականին երկարաժամկետ և աշխատատար պրոցես է։ Մենք մինչ օրս մեր հարևան Վրաստանի հետ էդ պրոցեսը ավարտին չենք հասցրել, բավականին երկար ժամանակ է տևում։ Եվ, ընդհանուր առմամբ, նմանատիպ պրոցեսով վաղ թե ուշ պետք է անցնենք բոլոր հարևանների հետ»,- ասել է նա։

Հարցին, թե դա նաև Ադրբեջանի և Թուրքիային է վերաբերում՝ Ավինյանն ասել է, որ դա կախված է երկկողմ հարաբերությունների հաստատման կամ չհաստատման պայմանից։

«Հարաբերություններ ունենալը նվազագույն նախապայման է նման իրավական պրոցես սկսելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ հրապարակված ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշման մեջ ասվում , որ պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Նշվում է նաև, որ վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---