Պատգամավորներ․ ԵԽԽՎ-ում գերիների հարցը բարձրացնելու ենք հնարավոր բոլոր ձևաչափերում

Պատգամավորներ․ ԵԽԽՎ-ում գերիների հարցը բարձրացնելու ենք հնարավոր բոլոր ձևաչափերում

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին մեկնարկող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայկական պատվիրակության անդամների հիմնական խնդիրն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցի բարձրացումն է՝ հնարավոր բոլոր ձևաչափերում, հայտնել են ԵԽԽՎ հայական պատվիրակության անդամ պատգամավորները, փոխանցում է Armenpress-ը։

«Բնականաբար թիվ մեկ խնդիրը շարունակելու է մնալ գերիների հիմնահարցի բարձրացումը տարբեր հնարավոր ձևաչափերով՝ և՛ լիագումար նիստի, և՛ հանձնաժողովների նիստերի շրջանակում, և՛ քաղաքական խմբերում: Կարևոր խնդիրներից են նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, որոնք նորություն չեն, բայց շատ հստակ մշակված քաղաքականության շարունակությունն են»,-ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հիբրիդային ձևաչափով անցկացվելիք նստաշրջանին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով ֆիզիկապես ներկա կլինի Ստրասբուրգում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ միանշանակ հնարավոր է ԵԽԽՎ հարթակում մեծացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ ռազմագերիների հարցով:

«Եվ մենք ամեն ինչ պետք է անենք՝ ԵԽԽՎ հարթակում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, որովհետև Ադրբեջանը պարտավոր է կատարել Ժնևի երրորդ կոնվենցիայի դրույթները, որը ենթադրում է ռազմագերիների և բոլոր գերեվարված անձանց վերադարձ՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Սակայն Ադրբեջանը համառորեն չի անում դա»,-ասել է Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն այս պահին միակ հարթակն է մնացել, որտեղ հարցը ազդեցիկ ձևով ներկայացվում է:

«ԵԽԽՎ-ն միակ մարմինն է, որտեղ ներկայացված են 47 երկրի ազգային խորհրդարաններ, մարդիկ, որոնք իրենց երկրի ներսում ազդեցություն ունեն պետական օրակարգի վրա: Դրա համար այդ մարդկանց վրա լոբբինգ անելն ազդում է 47 անդամ պետության արտաքին քաղաքականության վրա»,-ասել է պատգամավորը:

Ադրբեջանը հայտարարում է, որ հայ գերիներ իր տարածքում չկան, այդ երկիրը պաշտոնական մակարդակով «ահաբեկչ» է, որակում հայ զինծառայողներին։ Ապրիլի 8-ին Հայաստանում նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։ Ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---