ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ արտահերթին՝ դա դիտարկելով իշխանությանը հեռացնելու միջոց

ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ արտահերթին՝ դա դիտարկելով իշխանությանը հեռացնելու միջոց

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կմասնակցի դրանց՝ դա դիտարկելով գործող իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ։

Հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։

«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին և ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է.

- մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը,

- թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար,

- արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։

Ելնելով վերոհիշյալ հաստատումներից և արձանագրումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշել մասնակցել ընտրություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն ժողովը կոչ է անում ցանկացած զարգացման պարագայում՝ լինի ընտրություն, թե՝ ոչ, «շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը՝ հանուն երկրի ապագայի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---