Ավանեսյանն ու Ավինյանը պատվաստվել են AstraZeneca-ով

Ավանեսյանն ու Ավինյանը պատվաստվել են AstraZeneca-ով

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Այդ մասին ասուլիսում տեղեկացրել է Ավինյանը՝ պարզաբանելով նաև, թե ինչու են հենց այդ պատվաստանյութն ընտրել, գրում է Aysor.am-ը։

«Պատվաստանյութը հատուկ ենք ընտրել, որովհետև ամենաշատ սուտ լուրերը հենց դրա վերաբերյալ են տարածվում: Մոտավորապես 200 մլն դեպքից բացասական դեպքերն ընդամենը մի քանի տասնյակ են եղել»,-ասել է նա:

Ավանեսյանը տեղեկացրել է, որ կամավորության սկզբուքնով կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները AstraZeneca-ով պատվաստվելու հնարավորություն կունենան։

«Ավելորդ զգուշության միտում ունեինք և տարիք էինք սահմանել՝ 55-ից բարձր, բայց տեսնելով, որ շատ երկրներում բոլոր տարիքային խմբերը պատվաստվում են AstraZeneca-ով, մենք ևս հնարավորություն ստեղծեցինք, որ ցանկացող մարդիկ այդ պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն ունենան», - ասել է նա։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև, որ մյուս շաբաթ ունենալու ենք նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները երկու պատվաստանյութերով են իրականացվում` ռուսական «Սպուտնիկ–V»-ով և AstraZeneca-ով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---