Գտի՛ր ներսիդ փոքրիկ հերոսին. «ԿինոՊարկում» կայացել է «Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերան

Գտի՛ր ներսիդ փոքրիկ հերոսին. «ԿինոՊարկում» կայացել է «Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին «ԿինոՊարկում» կայացավ «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգության պրեմիերան: «ԿինոՊարկը» հատուկ պատրաստվել էր ընդունելու հատկապես մեծ թվով փոքրիկ հանդիսատեսի՝ կինոթատրոնը լեցուն էր տարբեր տարիքի երեխաներով, մեծ հերթեր էին գոյացել ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Մկրտիչ Արզումանյանի (Մկո) կողքին, բոլորն ուզում էին լուսանկարվել սիրված դերասանի հետ:

Ռեժիսոր Հարություն Խալաֆյանի ֆիլմը, որի գլխավոր դերերում, Մկոյից բացի, Վահագն Գալստյանն է, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը և այլ հայտնիներ, պատմում է մի դպրոցական տղայի մասին, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսևորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հաղթահարում է բազմաթիվ փորձություններ և դառնում իրական հերոս:

«Ֆիլմի հիմնական մեսիջը հերոսությունն է, որ երեխաները կարողանան հասկանալ, որ եթե համախմբվեն, լինեն ընկերասեր, բարի, ունենան լավ ձգտումներ, իրենց մոտ ամեն ինչ կստացվի, նույնիսկ այնպիսի բաներ, որոնք առաջին հայացքից հասարակ դպրոցականի համար կարող են անհնարին թվալ», - ասում է ֆիլմի պրոդյուսեր Վահան Գրիշկյանը:

Նրա խոսքով՝ այժմ երեխաները շատ հաճախ փնտրում են հերոսների սոցցանցերում. «Եվ այդ հերոսների արժեքները շատ հաճախ լինում են «լայքերը»: Այս ֆիլմով մենք նաև ուզում ենք ցույց տալ, որ գրքերում լինում են հերոսներ, որոնց արժեքներն իսկական են, և հենց այդ հերոսներից է պետք ընդօրինակել պահվածքը: Այդ պատճառով էլ ֆիլմում մեծ է գրքերի ներգրավվածությունը»:

Ըստ պրոդյուսերի՝ ֆիլմի ուղերձները ճիշտ տեղ հասցնելու համար նախ և առաջ ուշադրություն են դարձրել սյուժեին՝ դարձնելով այն հետաքրքիր և գրավիչ, որպեսզի թե՛ պատանի հանդիսատեսը, թե՛ մեծահասակները հետաքրքրությամբ հետևեն ընթացքին, և ուղերձն էլ իր նստվածքը տա:

Մկրտիչ Արզումանյանը ևս նշում է, որ ֆիլմն անչափ դրական է և բարի ուղերձ պարունակող:

«Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ֆիլմին, որովհետև վերջապես կարողացա կերտել իմ ամենասիրելի կերպարներից մեկին՝ Դոն Կիխոտին, կարելի է ասել՝ դա ինձ համար մեծ երազանք էր: Ֆիլմը կրթական և դաստիարակչական տարրեր է պարունակում, և կարծում եմ, որ նման ֆիլմեր պետք է հաճախ նկարահանվեն: Այն նախ և առաջ գրքերի մասին է, պատմում է, որ ինչքան շատ կարդաս, ինչքան շատ ինֆորմացիա վերցնես գրքերից, այդքան ավելի հեշտությամբ կարող ես հաղթահարել կյանքի դժվարությունները, և նույնիսկ կարող է հրաշք կատարվել: Ցանկացած տարիքում շատ կարևոր է սովորել և զարգանալ, իսկ գրքերը դրա համար ամենակարևոր աղբյուրն են», - ասում է դերասանը:

Խոսելով երեխաների համար նախատեսված ֆիլմերի և հաղորդումների մասին՝ Արզումանյանը նշեց, որ պատանեկան կոնտենտ ստեղծելիս պետք է լինել շատ զգույշ, քանի որ ցանկացած բան կարող է ազդեցություն թողնել երեխաների վրա: Ըստ դերասանի, սակայն, գրաքննություն չպետք է լինի, երեխաներն էկրաններից պետք է տեսնեն և՛ լավը, և՛ վատը, բայց կարողանան տարբերակել և ընտրել որակյալը:

«Այդ գործում մեծ է նախարարության և համապատասխան կառույցների դերը: Պետք է գումարներ, մեծ ռեսուրսներ տրամադրվեն երեխաների համար որակյալ կոնտենտ ստեղծելու համար: Դա կարևոր է ճիշտ սերունդ դաստիարակելու և մեր լեզուն պահպանելու համար», - ընդգծեց Արզումանյանը:

Իր հերթին, «ԿինոՊարկի» տնօրեն Արեգ Դանիելյանը նշեց, որ կինոթատրոնը մեծ ուշադրություն է դարձնում փոքրիկ հանդիսատեսին ներգրավելու վրա՝ կարևորելով նման ժամանցի դերը երեխաների կյանքում:

«Այսօրվա պրեմիերային էլ մեծ հուզմունքով ենք պատրաստվել: Կարծում եմ՝ երեխաներին հետաքրքիր կլինի այս ֆիլմը, այն բավականին զվարճալի է, բայց միաժամանակ՝ ուսուցանող: Ֆիլմի հիմնական շեշտը դրված է այն բանի վրա, որ մեզ պակասում են հերոսներ, և կարծում եմ՝ նայելով այս ֆիլմը՝ երեխաները կգտնեն իրենց հերոսներին կամ իրենց ներսում կգտնեն այն անձին, որը կարող է դառնալ հերոս», - ասում է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ «ԿինոՊարկում» անում են ամենը, որպեսզի երեխաներն իրենց հարմար զգան կինոթատրոնում: Տարիքից կախված՝ տարբեր են նաև տոմսերի արժեքները, իսկ ամենափոքրերի համար՝ նույնիսկ անվճար:

«Մի անգամ դպրոցում» ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---