Լավրով․ Վստահ ենք՝ մոտ ժամանակներս կլուծենք Ադրբեջանում պահվողների վերադարձի հարցը

Լավրով․ Վստահ ենք՝ մոտ ժամանակներս կլուծենք Ադրբեջանում պահվողների վերադարձի հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի խնդիրը հնարավոր կլինի լուծել։

«Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով»,- ասել է նա:

Նա նշել է նաև, որ ռուսական կողմը շատ է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ամենաակտիվ կերպով աջակցում ենք ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի»,-ասել է Լավրովը։

Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը հավատարիմ է ապահովելու իր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

«Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող»,-հավելել է նա:

Նա նշել է նաև, որ ՌԴ-ն, անկասկած, կշարունակի Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ առաքելության ջանքերը:

«Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն»,-ասել է նա:

Փաշինյանը Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---