Զուրաբյան․ ՀԱԿ-ը բացառում է ընտրություններից հետո Փաշինյանի հետ որևէ գործակցություն

Զուրաբյան․ ՀԱԿ-ը բացառում է ընտրություններից հետո Փաշինյանի հետ որևէ գործակցություն

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը բացառում է ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ որևէ համագործակցություն: Այդ մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Պետք է հասկանալ, որ երկիրը ներկայիս կրիտիկական վիճակին է հասցրել գործող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, և նրա հետ որևէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող», – ասել է Զուրաբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` հնարավոր է` ՀԱԿ-ը միավորվի քաղաքական այլ ուժերի հետ, բայց միայն Փաշինյանի հեռացման խնդրի շուրջ։ Խոսքը, սակայն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին չէ։

«Այդ իշխանությունը բացարձակ չարիք է դարձել պետության համար, և ամեն նոր օր մեզ նոր դժբախտություններ է բերում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես այսօրվա դժբախտությունների մասնակից է», - ասել է ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանի խոսքով` ՀԱԿ-ը գնում է ընտրությունների հաղթելու նպատակով։

«Ցավոք, իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն մենք ենք առողջ քաղաքական մտքի կրողը։ Քաղաքական ռացիոնալիզմն այսօր պետությանն օդի ու ջրի պես է պետք», - ասել է նա։

Նա նշել է նաև, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը կազմելիս ձգտել են դուրս գալ նեղ կուսակցական շահերից և ներգրավել այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են երկրի վերականգնմամբ, պատրաստ են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման գործում:

Զուրաբյանը ցուցակն ինչ-որ տեղ կոալիցիոն է համարում, քանի որ այնտեղ շատ մարդիկ կան տարբեր հասարակական կառույցներից ու խմբերից։

ՀԱԿ-ը հրապարակել է իր նախընտրական ցուցակը, որը բաղկացած է 101 անունից։ Այն գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ցուցակում են նաև Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Արման Մուսինյանը, Եվա Ադամյանը, Տիգրան Պասկևիչյանը, Սուրեն Շահվերդյանը և այլք։

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---