Բուհերի ռեկտորները «անբարոյական» են անվանել կաշառակերության դեմ պայքարում հայ երիտասարդության մեթոդները

PanARMENIAN.Net - «Ոչ ոք չի ժխտում, որ մեր հասարակության մեջ կոռուպցիա կա, սակայն «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցները խախտեցին ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական նորմերը: Չունենանլով ոչ մի փաստ կամ հիմնավորում, նրանք զրպարտեցին մարդկանց: Այդ քայլը բացասաբար կանդրադառնա հայկական բուհերի հեղինակության վրա: Քանի որ զրպարտիչների դեմ կոլեկտիվ հայցեր չեն ընդունվում, զրպարտված դասախոսներից յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի, դիմել հայցով թե ոչ, իսկ մենք նրանց կաջակցենք»,-ասել է լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:



Ըստ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի, իր գլխավորած բուհն արդեն անցել է թեստային քննությունների, հաջորդ տարի դրանք կանցկացվեն համակարգիչների օգնությամբ: «Սա եւս կաշառակերության դեմ պայքարի միջոց է: Պետք է արմատախիլ անել կաշառակերության դրսեւորումներն առավել քաղաքակիրթ մեթոդներով: Փաստերի առկայության դեպքում մենք պատրաստ ենք միջոցներ ձեռնարկել կաշառակեր դասախոսների դեմ»,-ասել է նա:



Իր հերթին, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է. «Պայքարը կոռուպցիայի դեմ պետք է սկսել ուժային կառույցներից: «Շնաձկներին» բռնելու փոխարեն, մենք ընկել ենք մանր ձկների հետեւը: Այս շարժման նպատակը իմիտացիան է, իսկ իմիտացիոն գործընթացները երբեք իրական արդյունք չեն տվել»:



Մարտի 11-ին «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցները պայքար սկսեցին կաշառակերության դեմ: Այդ ծրագրի շրջանակներում որոշ բուհերի պատերին, կանգառներում եւ բանուկ տեղերում փակցված էին տասնյակից ավելի հայ դասախոսների նկարներ, «կաշառակեր» ընդհանուր վերտառությամբ: Լուսանկարներից բացի տեղեկատվություն էր տրամադրված դասախոսների գործունեության մասին, նրանց «անցած ուղու» մասին: Շարժման մասնակիցները կոչ են արել բոլոր ուսանողներին միանալ այդ պայքարին եւ նպաստել կոռուպցիայի եւ նման երեւույթների ոչնչացմանը բուհերում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---