Օհանյան․ Փոխանակ ԶՈւ-ն բարեփոխեն, խոսում են կադրային ջարդից

Օհանյան․ Փոխանակ ԶՈւ-ն բարեփոխեն, խոսում են կադրային ջարդից

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ներքին ու արտաքին սպառնալիքներին, ասել է, որ ՀՀ-ն բոլոր ուղղություններով պետք է աշխատանքներ տանի, մինչդեռ փոխանակ ԶՈւ բարեփոխումներ իրականացնեն, խոսում են կադրային ջարդից։ Այդ մասին Օհանյանն ասել է Aysor.am-ին հարցազրույցում։

«Այսօր մեր ԱԱԾ-ն ու Անվտանգության խորհուրդն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է կատարեն՝ բացահայտելու բոլոր այն սպառնալիքները, որոնց ուղղությամբ պլանավորում է հարկավոր իրականացնել։ Բայց մենք այս իրականության մեջ հակառակն ենք նկատում. փոխանակ մեր զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, ԱԱԾ-ի կոնկրետ հակահետախուզական խնդիրների ունակություններն ավելացնենք, խոսում են բանակի բարեփոխումների մասին ու ուշադրություն դարձնում ժամկետային ծառայության կրճատմանը, կամ խոսում են կադրային ջարդերի մասին», - ասել է նա։

Պաշտպանության նախկին նախարարն ասել է թե բանակը պարտավոր է լինել մեր անվտանգության երաշխավորը։

«Բայց թե ինչպիսին է նրա մարտունակության մակարդակը, նախ՝ արցախյան վերջին պատերազմում որոշ չափով տեսանք, իսկ նոյեմբերի 10-ի ստորագրած փաստաթղթից հետո, թե ինչպես են իրենք արձագանքել կամ հակազդել մեր սահմաններում սադրանքներին, խախտումներին, մենք նորից տեսնում ենք, որ նրանք ուշանում են, բայց ասում են՝ բարեփոխումներ են կատարում», - ասել է Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով համատեղ ադրբեջանա-թուրքական զորավարժություններին, ինչպես նաև աշնանը կայանալիք եռակողմ զորավարժություններին Պակիստանի ներգրավմամբ՝ Օհանյանն ասել է, որ դրանք Հայաստանի համար վտանգ են ներկայացնում։

Նա նշել է, որ Պակիստանի հետ զորավարժություններին ընդգրկվում են հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք կարող են հատուկ գործողություններ իրականացնել։

«Իսկ պակիստանցիները, մոտ լինելով Հնդկաստանին, կարող են հնդիկների անվան տակ հատուկ խնդիրներ կատարել մեր տարածքում, սա լուրջ խնդիր է ՀՀ ազգային անվտանգության ծառայության համար՝ այդ ուղղությամբ լուրջ աշխատելու համար», - ասել է նա։

Օհանյանը հավելել է, որ դա ուժի ցուցադրում է ու հոգեբանական ճնշման շարունակությունն է Հայաստանի նկատմամբ։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրն այսօր ծավալվելն, ընդհարձակվելն է նաև Հարավային Կովկասում, ինչը որոշակի սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, այնպես որ՝ եթե մեր վրա հոգեբանական ճնշում է, ապա Ռուսաստանի համար ուժի ցուցադրում է», - ասել է նա։

Պատասխանելով նոր պատերազմի վտանգի մասին հարցին՝ նա ասել է, որ պետք է տեր լինել երկրին։

«Չեմ կարծում, թե այսօր տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող ուժերի առկայության պայմաններում կարող է պատերազմ սկսվել տարածաշրջանում, ես նկատի ունեմ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, նկատի ունեմ ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ-ի տարածաշրջանային այն խմբավորումները, որոնց հիմքը ՌԴ հարավային օկրուգն է ու 102-րդ ռազմաբազան՝ Հայաստանի միացյալ զորախմբի հետ միասին», - ասել է ՀՀ պաշպանության նախկին նախարարը։

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ նշել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---