Ռուբինյան․ ՀԱՊԿ հայտարարությունը տարօրինակ է մեզ համար՝ զոհ և գերեվարվածներ են եղել սահմանին

Ռուբինյան․ ՀԱՊԿ հայտարարությունը տարօրինակ է մեզ համար՝ զոհ և գերեվարվածներ են եղել սահմանին

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունը, ասել է, որ այն տարօրինակ է՝ մի քանի պատճառներով։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման մասով, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

«Նախ, պարոն Զասը նշում է, որ, փառք Աստծո, զոհեր չկան, ցավոք, զոհ կա, այս ընթացքում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանցի զինվորի կողմից, գերեվարվածներ են եղել:

Երկրորդը՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածի, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգի հիման վրա: Ի՞նչ են դրանք նախատեսում, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը, որի հիման վրա Հայաստանը դիմել է, այդ կետը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ, օրինակ, ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա: Այսինքն ՀԱՊԿ-ն ունի գործիքակազմ կամ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին»,-ասել է Ռուբինյանը:

Նա հավելել է, որ գաղտնիք չէ, որ սա առաջին այսպիսի դեպքն է ՀԱՊԿ-ի համար, այսինքն` առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ անդամն այս հոդվածի հիման վրա դիմել է և ինչ-որ առումով ավանդույթ էլ չկա։

«Ինչ-որ առումով սա ՀԱՊԿ-ի համար նաև ստուգատես է, բայց կա մի փաստ, որ ՀԱՊԿ-ը ունի պարտականություններ: Այսինքն ՀԱՊԿ անդամ երկրները որպես մեկ կազմակերպության անդամ փոխկապակցված են պարտավորություններով, և կա ՀԱՊԿ գործիքակազմ, որը պիտի գործի: Մենք շարունակելու ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքներ տանել այս ուղղությամբ և կարծում եմ, որ մոտ օրերս նաև մեր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները աշխատանքային կարգով կապի մեջ կլինեն մեր գործընկերների հետ»,- ասել է նա:

Ռուբինյանը հավելել է, որ իր դիրքորոշումը ներկայացրել է, մնացածն արդեն համապատասխան գերատեսչություններն աշխատանքային կարգով կիրագործեն այն, ինչ պետք է իրագործվի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: «Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---