ՄԻՊ․ Պաշտոնյաներ կան, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում Ադրբեջանին

ՄԻՊ․ Պաշտոնյաներ կան, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով սահմանյին խնդիրներին, ասուլիսում ասել է, որ սահմանների հետ կապված հարցերը, բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական բաղադրիչների ներքո և ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը։

Նա նշել է, որ կան պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով պարզապես նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Հուլիսի 5-ին Գեղարքունիքում տեղի ունեցավ փոխհրաձգություն, և ՀՀ ՊՆ-ն հաստատել էր այն։ Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին՝ ասելով, թե ադրբեջանցիները խոչընդոտում են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիները նույնիսկ էդ կողմը չեն էլ գնում։ Ո՞նց է վարչական շրջանի ղեկավարն այդպիսի բան ասում, երբ ինքս եմ այդ կողմում եղել, և ադրբեջանական զինծառայողները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, իսկ բնակիչները չեն կարողանում օգտվել այդ արոտավայրերից։ Հիմա այս հայտարարությունից հետո ես որքան էլ գնամ, միջազգային ատյաններում ասեմ, թե ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, այս մարդու հայտարարությունները կդնեն ու կասեն, թե այս ինչ եք խոսում»,-ասել է ՄԻՊ-ը։

Նրա խոսքով՝ ցանկացած երկրի պետական սահմանների որոշման գործընթացի կարևորագույն հարցերից է այն, թե որքանով է դրա արդյունքում պահպանվում կամ երաշխավորվում սահմանային բնակիչների իրավունքները։

«Մեր պարագայում ռազմական ու քաղաքական բաղադրիչների պատճառով պետությունն ինքն իրեն դրել է սահմանափակումների մեջ։ Ստացվել է այնպես, որ մի վտանգավոր թեզ է զարգանում, այն է՝ մարդու իրավունքներն ու անվտանգությունն իրար հակադրվում են։ Ճիշտ է, մեր սահմաններին բնակվող քաղաքացիների իրավունքների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց ՀՀ-ն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն։ Եվ այն պատճառով, որ հարցերն ամբողջությամբ դիտարկվում են քաղաքական ու ռազմական տեսանկյունից, դրա համար մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները հաջողություն չեն ունենու», - ասել է Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով՝ կազմակերպված քաղաքականություն պետք է ունենալ նաև պետության ներսում՝ պետական մարմինների կողմից։

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել` 1 վիրավոր ունենք։ Այդ մասին ասել է ԶՈւ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է եղել: «Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմն ունի 1 թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի 2 վիրավոր», - ասել է Ասատրյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---