ՀՀ ԱԳՆ․ Պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել

ՀՀ ԱԳՆ․ Պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով հուլիսի 14-ին ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի սպանությանը, հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

«Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 14-ին՝ առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---