Կարապետյանը՝ Շոյգուին. ՀՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների օկուպացումը, քայլեր է ձեռնարկելու՝ վերականգնելու տարածքային ամբողջականությունը

Կարապետյանը՝ Շոյգուին. ՀՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների օկուպացումը, քայլեր է ձեռնարկելու՝ վերականգնելու  տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։

Երկու երկրի պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։

Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումը ստանձնելու կապակցությամբ, Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությանը։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։

Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքներիև հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել օգոստոսի 11-ին արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---