Փաշինյան․ Ադրբեջանի հետ սահմանազատումը պետք է օր առաջ սկսել, բայց սահմանի իրավիճակը լրջագույն խոչընդոտ է

Փաշինյան․ Ադրբեջանի հետ սահմանազատումը պետք է օր առաջ սկսել, բայց սահմանի իրավիճակը լրջագույն խոչընդոտ է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության տեսակետից մեծ նշանակություն կունենա սահմանազատումը և սահմանագծումը Վրաստանի և Ադրբեջանի հետ։

Նա նշել է, որ թեև Ադրբեջանի պարագայում դա բավականին բարդ է, բայց ինքը համոզված է, որ Ադրբեջանի հետ պետք է օր առաջ սկսել սահմանազատման, սահմանագծման աշխատանքները։

«Անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում, իհարկե, լրջագույն խոչընդոտ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները մեկնարկելու համար»,-ասել է նա։

Փաշինյանը կրկնել է այն դրույթը, որ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զորքերը հայելային եղանակով պետք է հետ քաշվեն՝ որպես ուղենիշ հիմք ընդունելով ԽՍՀՄ քարտեզները։ Ըստ նրա, նույն սկզբունքով պետք է առաջնորդվել Տեղ, Մեղրի սահմանային հատվածներում։

Նա ասել է, որ ՀՀ բնակչության մեծ մասը հավանություն է տվել Ադրբեջանի հետ սահմանազատմանը և սահմանագծմանը և ՀՀ կառավարությունը գնալու է այդ ճանապարգով։ Վարչապետը հավելել է, որ այդ գործընթացը պետք է սկսվեր գարնանը, սակայն, քաղաքական աղմուկի պատճառով հնարավոր չեղավ դա անել:

Նա հավելել է, որ ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ընթանում, շարունակվում է աշխատանքը նաև ՀԱՊԿ-ի հետ։

Անդրադառնալով Վրաստանի հետ սահմանին՝ վարչապետը նշել է, որ այդ երկրի հետ սահմանազատման աշխատանքներն ընթանում են 1997-ից և որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել այդ երկրի հետ հարաբերությունների վրա։

Ըստ նրա, «Իրանի և Թուրքիայի հետ ՀՀ սահմանների հարցը ԽՍՀՄ ժամանակ է լուծվել»։

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենապաստ միջավայր ստեղծելն է՝ նշելով, սակայն, որ դա բարդ գործ է։ Նա ասել է, որ դա անվտանգության ռազմավարական մարտահրավեր է ՀՀ համար՝ հավելելով, որ չի առաջարկում խնդրի գործնական լուծումներ, այլ բոլորի ուշադրությունն է հավիրում այդ հարցի վրա։

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ բաղկացած 6 բաժնից։ Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---