Փոխվարչապետ․ Միջանցքի կամ միջանցքային տրամաբանությամբ հարցեր չենք քննարկել և չենք քննարկելու

Փոխվարչապետ․ Միջանցքի կամ միջանցքային տրամաբանությամբ հարցեր չենք քննարկել և չենք քննարկելու

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների վերսկսման մասին, հայտարարել է, որ միջանցքի կամ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու։ Նա այդ մասին ասել է Civic.am-ին հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը բանակցային օրակարգ է բերել Սյունիքի միջանցքի խնդիրը՝ նա ասել է․ «Ինչպես բազմիցս նշվել է, միջանցքի կամ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, իսկ աշխատանքային խմբում ներգրավված այլ կողմերի ցանկություններ մեկնաբանելը ճիշտ չենք համարում»։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները վերսկսել է ռուսական կողմի առաջարկով, և դա պայմանավորված է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և երկարատև հաստատման կայունության հրամայականով։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկայիս սահմանային լարվածությունը չի ազդում հանձնաժողովի շրջանակում արդյունավետ աշխատանքներ իրականացնելու վրա՝ փոխվարչապետն ասել է․ «Հայաստանը կարևորում է 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ նոյեմբերի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման խթան դառնալ։ Հայաստանի սահմաններին հրահրվող սադրանքներն ու ոտնձգությունները, բնականաբար աշխատանքների արդյունավետ ընթացքի վրա բացասական ազդեցություն ունեն, սակայն ՀՀ կառավարությունը մտադիր է օգտագործել ցանկացած բանակցային հարթակ և հնարավորություն կառուցողական երկխոսության համար՝ ՀՀ շահերի առաջմղման նպատակով»։

Նա տեղեկացրել, է, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում փորձագիտական մակարդակով ուսումնասիրվում են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության իրականացման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց Հայաստանը միացած է կամ կողմ է։

Գրիգորյանը հավելել է, որ նույն համատեքստում գնահատվում է նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի տնտեսական և լոգիստիկ էֆեկտները։

Օգոստոսի 17-ին, վերսկսվել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի կողմից գլխավորվող տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---