Համայնքապետ․ Ադրբեջանցիները գողացել են Տեղի բնակչի մեքենան և չեն վերադարձնում

Համայնքապետ․ Ադրբեջանցիները գողացել են Տեղի բնակչի մեքենան և չեն վերադարձնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Տեղեկությունը հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը, գրում է «Փաստինֆոն»։

Մեքենայի վառելիքը վերջացել է այն ժամանակ, երբ վերջինս շփոթմամբ անցել է ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածք։

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և պատահական Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,– պատմել է Շադունցը։

Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով։Վերադառնալով բնակիչը նկատել է, որ այն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարել էին։

«ՈւԱԶ»-ը բուքսիրով են տարել՝ կամազի հետևից կապել են, քարշ տվել, տարել»,- ասել է Շադունցը։

Դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահ զորքերին։ Թշնամու սադրանքի մասին զեկուցել են նաև Արցախում գտնվող խաղաղապահ զորքերին, սակայն մեքենան բնակչին դեռևս չի վերադարձվել:

Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---