Freedom House. ՀՀ-ն 4 կետով նահանջել է «Ինտերնետի ազատության» զեկույցում

Freedom House.  ՀՀ-ն 4 կետով նահանջել է «Ինտերնետի ազատության» զեկույցում

PanARMENIAN.Net - Հայաստանը 4 կետով նահանջել է «Ինտերնետի ազատության» զեկույցում՝ 100-ից 71 միավոր ստանալով։ Այդ մասին ասվում է իրավապաշտպան Freedom House կազմակերպության «Ինտերնետի ազատությունը» զեկույցում։

ՀՀ-ն դասվել է ազատ ինտերնետով երկրների թվին։ Ըստ զեկույցի, այդ ցուցանիշը պայմանավորված է տարբեր կայքերի և դոմենների արգելափակմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ռեսուրսների վրա հաքերային գրոհի ժամանակ, ինչպես նաև հակամարտության լուսաբանման դժվարություններով, որոնք առաջացել էին ռազմական դրության և կորոնավիրուսի պատճառով։

Իրավապաշտպանները նշում են, որ ռազմական դրությունը, որ հայտարարվեց 2020թ․ սեպտեմբերի վերջում, մեծապես սահմանափակեց ռազմական գործողությունները լուսաբանելու ԶԼՄ-ների հնարավորությունները, այդ թվում՝ ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող արտահայտություններն արգելելու, բովանդակությունը հեռացնելու իշխանությունների արտոնության և պահանջները չկատարելու դեպքում տուգանքներ սահմանելու միջոցով։

«Մի շարք թուրքական և ադրբեջանական կայքեր .az և .tr դոմեններով անհասանելի են եղել մի քանի շաբաթ շարունակ։ Օգտատերերը նաև հայտնել են TikTok-ի հասանելիության հետ կապված խնդիրների մասին։ Հայտնի լրատվական կայքերը նույնպես ենթարկվել են տեխնիկական գրոհների, այդ թվում DdoS հարձակումների («սպասարկելու մերժում»), որի հետևանքով դրանցից շատերը տևական ժամանակ անհասանելի են եղել պատերազմի ժամանակ»,-ասվում է զեկույցում։

Զեկույցում որպես դրական կողմ նշվել է, որ ՀՀ կառավարությունը դադարեցրել է հեռախոսազանգերի տեղորոշման և ձայնագրության մասին տվյալների հավաքագրումը հեռահաղորդակցության ընկերություններից, իսկ սարքերը, որտեղ պահվում էր տեղեկատվությունը, ֆիզիկապես ոչնչացվել են։

Հարևան Վրաստանը ևս ազատ ինտերնետով երկրների թվում է՝ 77 միավոր ցուցանիշով։ Իսկ 1-39 միավոր հավաքած երկրները դասվել են անազատ ինտերնետով երկրների ցանկին, որոնց թվում են՝ Ադրբեջանը 35 միավորով, Իրանը՝ 16 միավորով և Թուրքիան՝ 34 միավորով։

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները։

Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաև պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Freedom House-ի զեկույցում օգտագործված է 2020 թվականի տարեվերջին Հայաստանի և Արցախի ՄԻՊ համատեղ զեկույցը՝ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ Ֆեյսբուք, Թվիթեր ու ՏիկՏոկ ցանցերում հնչում են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման կոչեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---