Հայաստանում իրականացվում է մարզերում երիտասարդների ակտիվության բարձրացմանն ուղղված ծրագիր

PanARMENIAN.Net - 2009թ. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ ստորագրված մեկամյա պայմանագրի շրջանակներում իրականացվում է «Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է մարզային երիտասարդական կենտրոնների միջեւ փորձի փոխանակում եւ քննարկումներ, այդ կենտրոնների անձնակազմի եւ մարզի երիտասարդության շրջանում հմտությունների ու կարողությունների զարգացում, մարզային երիտասարդության հզորացում:



Ծրագրի շրջանակներում հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որը կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլի համար մարզային 10 երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններից ներկայացվել է 11 ծրագիր, որոնցից 7-ն ընտրվել են ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ու կենտրոնի աշխատակիցների կողմից ու ստացել ֆինանսավորում: Ծրագրերն ընտրելիս հաշվի են առնվում մի շարք չափանիշեր, այդ թվում` ռազմավարությանը համապատասխանելը, երիտասարդների ներգրավումը ծրագրի իրականացմանը, նորարարական եւ ստեղծագործական մոտեցումները եւ այլն: Առաջին փուլի արդյունքում ընտրված 7 ծրագրերի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Դրանց իրականացման ժամկետը մինչեւ ապրիլի 15-ն է:



«Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագրի նպատակը մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացումը, ինչպես նաեւ աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---