Օհանյան. Ըստ էության` Երևան-Գորիս մայրուղին ադրբեջանցիների վերահսկողության տակ է

Օհանյան. Ըստ էության` Երևան-Գորիս մայրուղին ադրբեջանցիների վերահսկողության տակ է

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ասուլիսում խոսելով սահմանների ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ, ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։

«Հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը թուրք-ադրբեջանական տանդեմի համար մնում է «Զանգեզուրի միջանցք» գաղափարն առաջ տանելը: Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ այս ամենն առաջին հերթին հետևանք է նրա, որ Հայաստանի իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և Ադրբեջանն ու թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության թուրքերը, հայտնվել են ՀՀ սահմաններում:

«Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանությունների վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո»,- ասել է Օհանյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում ստեղծված իրավիճակից:

«Կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ամբողջ ներուժը, այդ ամենի շարունակությունը եղավ այն, որ մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Դա է պատճառը, որ հակառակորդն այսօր այդ ուղղությամբ շարունակում է ճնշումները»,- ասել է Օհանյանը:

Նա հավելել է, որ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները չեն կարևորում երկրի առջև դրված գերակա խնդիրները հատկապես անվտանգության առումով:

«Եվ այսօր Ազգային ժողովում քննարկել տարբեր ոլորտներին վերաբերող տարբեր հարցեր, բայց չքննարկել անվտանգության խնդիրները, գտնում եմ, հանցագործության նման մի բան է»,- ասել է նա:

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի հերթական նիստը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը։ Ընդդիմադիրներն այդպիսով իրենց բողոքն են հայտնել իշխանության կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը մերժելու դեմ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---