Մինասյան․ Սիմոնյանը ռիսկային հայտարարություններ է անում ՝ նրա հրաժարականի հարցը քննարկվել է Քոչարյանի հետ

Մինասյան․ Սիմոնյանը ռիսկային հայտարարություններ է անում ՝ նրա հրաժարականի հարցը քննարկվել է Քոչարյանի հետ

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցով նախագծի շրջանառման հիմնավորումները, ասել է, որ գործ ունենք ԱԺ նախագահի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է ՀՀ արտաքին քաղաքականության համար ռիսկային հայտարարություններ։

Անդրադառնալով հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցվե՞լ է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նախագիծը՝ Մինասյանը տեղեկացրել է, որ ամեն կարևոր հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում։

«Բնականաբար, մեր երեք թիմում քննարկումներ արվում են՝ ինչպես առանձին, այնպես էլ համատեղ։ Ի դեպ, այդ թվում երկրորդ նախագահի մասնակցությամբ քննարկումներում ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներն են առկա»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Եթե քաղաքական մեծամասնությունն իրենք են, պարզ է, որ մեր առաջարկն իրավաքաղաքական գնահատականի բնույթ է կրում։ Սրանով մեր խմբակցությունը և «Հայաստան» դաշինքի վերաբերմունք են ցուցաբերում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հանդեպ։ Նա, մեր պատկերացմամբ, չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները․․․

Սիմոնյանը գերիների, անհետ կորածների մասին անում է հայտարարություններ, որոնք ոչ միայն հոգեկան տառապանք են պատճառում, այլև թուլացնում են պետության պաշտպանունակությունը։ Պետության պարտականությունն է այդ մարդկանց վերադարձնելը»,-ասել է նա։

Մինասյանի խոսքով՝ այս ընթացքում նաև ակնհայտ էր, թե Ալեն Սիմոնյանն ապօրինի, լարվածություն ստեղծող, պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու հրահանգներ տվող անձ է․ «ՊՊԾ-ն պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու գործիք է դարձել։ Այդ անձը նաև չի կարևորում ԱԺ-ում կարգուկանոնը, քաղաքական ճիշտ մշակույթը, ներկայացուցչական ժողովրդավարությունը, չի փայլում պատգամավորական վարքի կանոններով։ Սրանք են մեր հիմնավորումները»։

Նա ասել է նաև, որ ԱԽ խոսնակի իրենց թեկնածուին ընտրելու են իրենց միջից՝ ընդդիմադիր խմբակցություններից։

«Առաջիկայում «Պատիվ ունեմը» ևս հայտարարությամբ հանդես կգա»,-ասել է նա։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը սկսեց արծարծվել՝ համացանցում նրա մասնակցության տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ նա խոսում է գերիների մասին։ Նա մեղադրել է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։ «Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»,-ասել է նա։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---