Հարությունյան․ Շատ վտանգավոր է ու ոչ շահավետ Մեղրիով երկաթգիծ բացելը

Հարությունյան․ Շատ վտանգավոր է ու ոչ շահավետ Մեղրիով երկաթգիծ բացելը

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով Մեղրիով երկաթգծի կառուցման ծրագրերին, ասել է, որ դա սարսափելի վտանգավոր է ու ոչ շահավետ՝ այդ երկաթգծի 875 կմ-ից 830-ն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին նա ասել է «Փաստինֆոյի» եթերում։

Նա պնդել է, որ դա շատ վտանգավոր քայլ է, որը վնասելու է Հայաստանի տնտեսությանը: Հարությունյանը շեշտել է, որ մինչ ճանապարհների ապաշրջափակումը պետք է ստեղծել տնտեսական անվտանգ միջավայր, պետք է թույլ չտալ, որ դրա արդյունքում որևէ կողմերից մեկը միակողմանի տնտեսական առավելություն ստանա, ինչպես նաև մյուս կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորություն: Ըստ Հարությունյանի՝ վարչապետի առաջարկած երկաթգծի ուղղությունը՝ Բաքու-Հորադիզ-Մեղրի -Օրդուբադ- Նախիջևան, նպաստելու է հենց նման ճնշմանը։

Հարությունյանը մանրամասնել է, որ երկաթգծի երկարությունը մինչև Երևանի սահման կազմում է 875 կմ, որից Հայաստանի տարածքով անցնելու է միայն 47-ը, այսինքն՝ այդ ճանապարհով բեռներ Ռուսաստան արտահանելու դեպքում մոտ 830 կմ անցնելու է Ադրբեջանի տարածքով, իսկ մեր տարածքով միայն 47 կմ։

«Դա Ադրբեջանին բոլոր առումներով առավելություն է տալու։ Ադրբեջանը կարո՞ղ է, չէ, տարիֆային քաղաքականություն վարել, դա նրա իրավունքն է, ու կարող է ասել, չէ՞, ամեն կմ-ի համար տարիֆը բարձրացնում եմ 1 տոննայի համար 1 դոլար, դու էլ բարձրացրու ու 47 դոլարը մուտք կլինի Հայաստանի, իսկ 830 դոլարը՝ Ադրբեջանի բյուջե»,- ասել է բանախոսը։

Նա նշել է, որ Մեղրիով անցնող հաղորդակցության ուղին, որը պատրաստվում ենք տրամադրել Ադրբեջանին, իրավական ռեժիմի առումով անհամաչափ է Լաչինի միջանցքի հետ:

Նա պարզաբանել է, որ Արցախն անկլավ է, այն արտաքին աշխարհի հետ կապվելու մեկ տարբերակ ունի՝ Լաչինով միջանցքը, մինչդեռ Նախիջևանը շրջափակման մեջ չէ, հետևաբար որևէ պարագայում այն չի կարող լինել միջանցք, քանի որ միջանցքն իր մեջ պարունակում է էքստերիտորիալ ընկալում։

«Սա հակասում է բոլոր պայմանավորվածություններին, այլ հարց է, որ մենք միտումնավոր գործողություններով Ալիևին՝ մեզ վրա ճնշում գործադրելու անշրջելի հնարավորություններ ենք տալիս, երբ վարչապետը միանձնյա որոշմամբ զորքերը հետ քաշելու հրաման տվեց՝ հիմնավորելով, թե կանխում ենք ռազմական գործողությունների հնարավոր տարածումը Սյունիք։

Սրանով Հայաստանի հարավային շրջանները սկուտեղի վրա հրամցրեցինք Ադրբեջանին, դրանից հետո Ադրբեջանը սկսեց գրավել մեր ռազմավարական բարձունքները, իսկ մենք խոսում ենք Էլվազլիի, Չայզամիի մասին։ Մեր ԱԱԾ-ն ասում է՝ Ճակատենում տեղադրված մաքսակետերը Ադրբեջանի տարածքում են, դուրս է գալիս, իրենք միանձնյա սահմանագծում և սահմանազատում են արել»,-ասել է Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում հայտարարել է, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը: Նա նշել է, որ Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, իսկ Ադրբեջանը կկապվի Նախիջևանի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---