ԵՊԲՀ ռեկտոր․ Ադրբեջանցիների հետ հանդիպմանն առաջարկել ենք բժիշկների խումբ գործուղել գերիների մոտ

ԵՊԲՀ ռեկտոր․ Ադրբեջանցիների հետ հանդիպմանն առաջարկել ենք բժիշկների խումբ գործուղել գերիների մոտ

PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը Մոսկվայում մասնակցել է հայ և ադրբեջանցի հասարակական ներկայացուցիչների հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում հակիրճ ներկայացրել է արյդունքերը՝ նշելով, որ զրույցը ծավալվել է միայն հումանիտար դաշտում և ինքը խոսել է որպես բժիշկ։

Մուրադյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է բժիշկների խմբի գործուղում գերիների մոտ։

«Այո, ես Հայաստանի պատվիրակության կազմի անդամ եմ եղել, ով Ռուսաստանի նախաձեռնությամբ, մեկնել է Մոսկվա` ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման, կազմակերպչի որոշմամբ՝ հանդիպման լուսաբանումը պետք է իրականցվեր իրենց կողմից: Հիշեցնեմ, որ նման հանդիպումներ նախաձեռնվել են և 2004 թվականին, 2006 թվականին, և 2008 թվականին:

Հանդիպման մասին ասեմ հետևյալը. յուրաքանչյուրս ներկայացրել ենք մեր տեսակետը և զրույցը ծավալվել է միայն հումանիստական դաշտում:

Ես խոսել եմ, որպես բժիշկ, պատմել եմ Զինվորի տան մասին, որը ստեղծել է համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ մոտ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի տանը հենց ադրբեջանցու պատճառով...Ասեմ` խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու...

Զեկուցեմ նաև, որ մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին, հստակ ասեցինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում...»

Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղեկատվություն, այդ իսկ նպատակով՝ առաջարկել ենք՝ բժիշկների խմբի գործուղում՝ գերիների մոտ»,-ասվում է գրառման մեջ:

Մուրադյանը հավելել է, որ Հայաստանի պատվիրակությունը բարձրաձայնել է անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է հայ ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից հետո, խոսել է հայկական պատմամշակութային վտանգված հարստության մասին:

«Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը՝ քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարված, բայց կոռեկտության սահմաններում:

Հ.Գ. Շուրջ մեկ տարի, միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր Երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով, հավելեմ, որ ամիսներ առաջ, այդ հարցով, անձամբ դիմել եմ ռուս անվանի բժիշկ, իմ ավագ ընկեր Լեոնիդ Ռոշալին...

Եվ վերջում, ես՝ որպես բժիշկ արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե հանդիպման ժամանակ և թե հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին: Այս հանդիպումը, հնարավորություն էր, այդ նպատակին հասնելու ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք...»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ: Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---