ՄԻՊ․ Որոշ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները ՀՀ բնակչության նկատմամբ

ՄԻՊ․ Որոշ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները ՀՀ բնակչության նկատմամբ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով 2021թ. ՀՀ բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներին, նշել է, որ որոշ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները ՀՀ բնակչության նկատմամբ։

Ըստ ՄԻՊ-ի, նախորդ տարվա լուրջ սպառնալիքներից են եղել․

«1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող: Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատվածների պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված:

2. Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը:

Խոսքս նաև վերաբերում է բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը:

3. Այդ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար:

4. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն:

Այսինքն` դասական օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանն ու մարդու իրավունքներին:

5. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն:

Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ:

Հ.Գ. Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու շարունակում են անել ադրբեջանական զինված ծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---