Միրզոյանը՝ Շալենբերգին․ Ադրբեջանը սահմանափակում է նույնիսկ Կարմիր խաչի մուտքն Արցախ

Միրզոյանը՝ Շալենբերգին․ Ադրբեջանը սահմանափակում է նույնիսկ Կարմիր խաչի մուտքն Արցախ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է սահմանափակել նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները Արցախի Հանրապետությունում և ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։ Այդ մասին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

«Սա միակ կառույցն է, որը վերջին տարիներին մուտք է ունեցել և ներկայացված է եղել Արցախում։ Հիմա Ադրբեջանը նույնիսկ դա է սահմանափակում»,– ընդգծել է Միրզոյանը, գրում է Sputnik Արմենիան։

ՀՀ ԱԳ նախարարն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Շալենբերգը, պատասխանելով Բաքվի կողմից միջազգային կառույցների աշխատանքը խոչընդոտելու մասին հարցին, ասել է, որ միջազգային հանրությունը շահագրգիռ է խաղաղ կարգավորման հարցում, բայց չի կարող դա անել առանց երկու կողմերի համաձայնության։

«Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, ադրբեջանցիներն ու հայերը, որպեսզի նրանք կամք դրսևորեն այդ ուղով առաջ գնալու։ Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է։ Ավստրիայի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ–ի անունից եմ ուզում ասել` մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»,-ասել է նա։ Ավստրիացի պաշտոնյան նաև հայտարարել է, որ տեսնում է կողմերի` «ճիշտ քայլերի դիմելու» պատրաստակամությունը, ապա հավելել, որ երկու երկրների առաջնորդներին դրա համար «քաջություն է պետք» դրսևորել։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն կառուցել և «լուծել բոլոր «կնճռոտ» հարցերը»։

«Մենք ցավով պետք է արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Հակահայ հռետորաբանությունն ու սահմանին ագրեսիվ քայլերը, ինչպես նաև ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,– ասել է Միրզոյանը։

Նա շեշտել է, որ թեև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր, սակայն Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մարդկությանը նոր մահեր պետք չեն։

ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների առումով:

Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Հայաստանում է աշխատանքային այցով։ Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---