Քոչարյան․ ՀՀ-ն գնում է «աջարիզացիայի» ճանապարհով

Քոչարյան․ ՀՀ-ն գնում է «աջարիզացիայի» ճանապարհով

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ կա 2 տարբերակ՝ բանակի մարտունակության վերականգնում և գրեթե զրոյից ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում ՌԴ աջակցությամբ, կամ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել «պլանավորված աջարիզացիայի»։ Ըստ Քոչարյանի, ՀՀ-ն երկրդր ճանապարհն է ընտրել։

Նա նշել է, որ ոչ մի բան չի արվել բանակի սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ և այսօրվա դրությամբ Հայաստանի բանակն ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել երկրի սահմանները։ «Պետք է հասկանալ, թե ինչ չափով է Ռուսաստանը պատրաստ այս ծավալի օժանդակություն և համագործակցություն ունենալ ՀՀ-ի հետ։ Վստահ եմ, որ դա հնարավոր է, բայց կասկածում եմ, որ մեր կողմից այդպիսի ազդակներ գոյություն ունեն»,-ասել է նա՝ նաև կարևորելով օդային տարածքի հարցը ՌԴ հետ ընդհանուր սահման չունենալու պարագայում։

«Պետք է հասկանալ՝ ապագայո՞ւմ էլ կարող ենք լիարժեք օդային շրջափակում ունենալ, ինչպես պատերազմի ժամանակ, երբ Վրաստանն արգելեց ռազմական բեռնափոխադրումները, իսկ Իրանն առաջին երկու շաբաթն էր արգելում, թե սա ուղղակի դրվագ էր, որը պետք է և ի վիճակի ենք շտկելու․․․Վրաստանի հետ այդպիսի խնդիրներ իմ ղեկավարած տասը տարվա մեջ չեն եղել և նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կհասնենք այդ վիճակին Վրաստանի հետ մեր հարաբերություններում»,-ասել է երկրորդ նախագահը։

Խոսելով «աջարիզացիայի» վտանգի մասին՝ Քոչարյանն ասել է, որ Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝ եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքականության վրա։ «Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա ՀՀ տնտեսության մեջ և մեծ ազդեցություն՝ մեր քաղաքական էլիտայի վրա։ Իսկ դա հնարավոր է, եթե ռուսական ազդեցությունն այստեղ դադարի և փոխարինվի թուրքական ազդեցությամբ։ Դա հնարավոր է, եթե Հայաստանն ընդհանարապես հրաժարվի Ղարաբաղից․․․Եվ այս քաղաքականությունը աջակցություն կունենա ԱՄՆ-ի կողմից, քանի որ այդ ճանապարհով կարելի է Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնել»,-ասել է Քոչարյանը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանի համար շահավետ է այս տարածաշրջանում ուժեղ դաշնակից ունենալ, ինչպիսին ՀՀ-ն եղել է մինչև 44-օրյա պատերազմը, իսկ Թուրքիային պետք է շատ թույլ Հայաստան, քանի որ միայն այդ դեպքում ՀՀ-ն չի կարող խոչընդոտել թուրքական հեռահար ծրագրերին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---