Հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին

Հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին

PanARMENIAN.Net - Հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է դեպի Ռուսաստան բնաչության զանգվածային մեկնումը կազմակերպելու մասին։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է տելեգրամ ալիքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է, որ, ըստ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածության, ՌԴ Ռոստովի շրջանում տարածք են հատկացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության համար, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։

Ըստ Պուշիլինի, Ուկրաինայի Զինված ուժերը շուտով տարածաշրջանի վրա հարձակման հրաման կստանան։

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինված ուժերը, ունենալով մարտական գործողությունների փորձ, լիակատար մարտական պատրաստականության են բերված և լիովին կարող են պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, սակայն, գնդակոծությունների ժամանակ բնակիչների կյանքն ու առողջությունը կարող է վտանգվել»,-ասել է Պուշիլինը։

Նախօրեին Դոնբասի հանրապետություններում հայտարարել էին, որ իրավիճակը շփման գծում սրվել է և որ Կիևը խախտում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները սկսել են հեռանալ քաղաքից՝ «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին»։ 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը համահունչ չէ Մինսկի համաձայնություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---