ՌԴ Պետդուման քրեականացրել է բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը

ՌԴ Պետդուման քրեականացրել է բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման քրեականացրել է ռուսական բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը։ Ռուսական բանակի գործողությունների մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածման համար պատիժ սահմանող օրինագիծն ընդունվել է միաձայն և միանգամից 3 ընթերցմամբ։

Օրինագծով ՌԴ ՔՕ-ում նոր հոդված է ավելանում՝ 207.3, որով մեղադրվողներին մինչև 3 տարվա գաղութ է սպառնում, գրում է BBC-ն։

Եթե ֆեյքը տարածվում է կազմակերպված խմբի շրջանակում կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, պատժի առավելագույն չափը 10 տարի ազատազրկումն է։

Եթե ոչ հիմնավոր տեղեկատվության տարածումը ծանր հետևանքների է հանգեցնում, ապա պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրենքը կքննարկվի Դաշնության խորհրդում մարտի 4-ին, որից հետո կուղարկվի նախագահի ստորագրությանը։

Պետդուման նաև օրենք է ընդունել, որով 3 տարվա ազատազրկում է նախատեսվում ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---