Աբրահամյան․ Ադրբեջանի կողմից համակարգային գրոհ կա Արցախի ուղղությամբ՝ ռազմականից մինչև հոգեբանական

Աբրահամյան․ Ադրբեջանի կողմից համակարգային գրոհ կա Արցախի ուղղությամբ՝ ռազմականից մինչև հոգեբանական

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատկապես վերջին 10 օրը շփման գծի տարբեր ուղղություններով, և Արցախի, և Հայաստանի, Ադրբեջանը դիմում է տարբեր բնույթի սադրանքների, իսկ Արցախի ուղղությամբ համակարգային գրոհ կա՝ ռազմականից մինչև հոգեբանական։

«Մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նա նշել է, որ կան որոշակի մտահոգություններ ու վարկածներ: Ադրբեջանը թույլ չի տալիս տեղում վերականգնողական աշխատանքներ իրականացնել, նաև տեղում որոշակի իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում աշխատանքներ իրականացնել ու դեռևս վերջնական եզրահանգում չկա: Աբրահամյանը հավելել է, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն է արել, քանի որ գազատարի վերահսկողությունը ադրբեջանական զորքերի հատվածում է ու այդ ահաբեկչական գործողությունը կարող էին նրանք անել։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանագծի Երասխի հատվածում ունեցել ենք ադրբեջանական կողմից իրականացված ագրեսիա, որի արդյունքում ունենք մեկ զոհ, մեկ վիրավոր Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, ինչպես նաև Մարտունու շրջանի Նոր Շեն հատվածում։ Թաղավարդ գյուղի հատվածում Ադրբեջանը դրսևորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսվում են հրաձգային կրակահերթերով, փոքր հրետանու ականանանետի կիրառմամբ, ինչպես նաև հոգեբանական գրոհի կիրառմամբ, որը արտահայտվում է բարձրախոսների միջոցով հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների և նաև զգուշացնող հայտարարությունների տարածումով:

Այդ հայտարարությունների հիմքում դրված է հետևյալ միտքը, որ դուք պետք է հեռանաք այս հատվածներից, որովհետև սրանք մեր հողերն են, թե չէ հակառակ դեպքում վաղ թե ուշ մենք դա անելու ենք ուժի կիրառման միջոցով: Ընդ որում, բարձրախոսներից բացի՝ ադրբեջանցի զինվորները տարբեր ուղղություններով գոռում են, որ մենք վաղ թե ուշ մտնելու ենք և բոլորիդ կոտորելու ենք: Այսինքն, կա հստակ Ադրբեջանի կողմից իրականացնող համակարգային գրոհ Արցախի ուղղությամբ առաջին հերթին, որը ստանում է գրոհի տարբեր բնույթներ՝ ռազմականից մինչև հոգեբանական, նաև տնտեսական, որն արտահայտվում է գազատարի պայթյունով և այս ամենի մասին ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել»,-ասել է պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները այս օրերին արշավ են սկսել ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարի նկատմամբ, ինչը պայմանավորված չէ ռուսական ծառայության ոչ արդյունավետությամբ։

«Սա տեղավորվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում: Ադրբեջանական և թուրքական մամուլը, որը ներդաշնակեցված է գործում, ամբողջապես աշխատում է հակառուսական քարոզչության տրամաբանության ներքո ու այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունը Արցախում և առհասարակ Հարավային Կովկասում: Սա նշանակում է, որ որքան այս ճգնաժամը խորանա Ուկրաինայի շուրջ ստեղծված, այնքան հարձակումները ՌԴ-ի նկատմամբ տարբեր մակարդակներով նկատելի են լինելու»,-ասել է նա:

Մարտի լույս 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:ԱՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արցախում գազատարի վերականգնումը կմեկնարկի տարածքի ականազերծումից հետո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---