Լավրովն ու Կուլեբան համաձայնության չեն եկել կրակի դադարեցման հարցում

Լավրովն ու Կուլեբան  համաձայնության չեն եկել կրակի դադարեցման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքական Անթալիայում ավարտվել է մոտ 1․5 ժամ տևած ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Կողմերը չեն կարողացել պայմանավորվել հրադադարի ռեժիմի հաստատման հարցում։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կուլեբան՝ հավելելով, որ Լավրովի հետ բանակցությունները բարդ էին։

Նա ասել է նաև, որ ուկրաինացիները պատրաստ են շարունակել այդ ձևաչափով հանդիպումները, եթե ռուսական կողմը պատրաստ լինի բանակցությունների «առանց կլիշեների և քարոզչության», գրում է Deustche Welle-ն։

Կուլեբան ասել է, որ հանդիպմանը քննարկվել են հումանիտար միջանցքների բացման հարցը, առաջին հերթին ծանրագույն վիճակում գտնվող Մարիուպոլից։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ ռուսական կողմը Կուլեբայի հետ բանակցություններում մտադիր չէր պայմանավորվել կրակի դադարեցման մասին։

«Ես զարմացած չեմ, որ պարոն Կուլեբան հայտարարել է, որ չհաջողվեց հասնել հրադադարի մասին պայմանավորվածության։ Այստեղ ոչ ոք չէր էլ պատրաստվում պայմանավորվել կրակի դադարեցման մասին»,-ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Անդրադառնալով ՌԴ և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Լավրովն ասուլիսում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել շփումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք միայն ուզում ենք, որ լինեն ոչ թե շփումներ հանուն շփումների, այլ ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություններ գրանցելու համար։ Այսօր խոսել ենք այդ հարցի շուրջ։ Ես Կուլեբային հիշեցրել եմ, որ մենք միշտ հանդիպելու կողմնակից ենք, եթե կարող ենք ինչ-որ խնդիր լուծել»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---