Պատգամավոր. Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է Սյունիքով միջանցք ստանալու համար

Պատգամավոր. Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է Սյունիքով միջանցք ստանալու համար

PanARMENIAN.Net - Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակից և ամեն ինչ անում է, որպեսզի հասնի իր վաղեմի նպատակին՝ ստանա Սյունիքով միջանցք, որով կմիավորեն թուրքական երկու աշխարհները:

Նա հավելել է, որ Արցախում էլ տեսնում են՝ եթե առաջ գալու հնարավորություն կա, այնտեղ ևս առաջ են շարժվում: Պատգամավորն այս իրավիճակում անհասկանալի է համարում այս իրավիճակում Հայաստանի իշխանության վարքագիծը, գրում է «Փաստինֆոն»։

«Այս ֆոնին բանակցել թուրքական կողմի հետ, խոսել խաղաղության դարաշրջանի մասին, անհեթեթ է: Հետաքրքիր է՝ այս իրավիճակում ի՞նչ է բանակցում մեր կառավարությունը Թուրքիայի հետ»,-ասել է Հակոբյանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կաշկանդվածություն ունեն իշխանություններն Արցախի անկախությունը ճանաչելու հարցում՝ Վահե Հակոբյանը նշել է․ «Չեմ կարող ասել, թե ինչ կաշկանդվածություն կարող են ունենալ, բայց կարող եմ ենթադրել, որ խնդիր է դրվել ամեն գնով կարգավորել հարաբերությունները թուրքերի հետ՝ չգիտեմ իրե՞նք են իրենց առաջ դրել, թե՞ մեկ ուրիշն է դրել»:

Անդրադառնալով ցորենի արտահանումները սահմանափակելու ՌԴ որոշմանը՝ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը և Արցախը համատեղ օգտագործում էին 500-600 հազար տոննա հացահատիկ, որից 30%-ը մինչև պատերազմն ապահովում էր Արցախը, և քանի որ այդ հնարավորությունն այլևս չկա, հիմա Հայաստանը 99%-ով կախվածություն ունի ՌԴ-ից:

«Հիմա իրենք ինչ պետք է անեն՝ գնան ՌԴ կառավարության դռները կոտրեն, խնդրեն, հիստերիայի մեջ ընկնեն, ինչ ուզում են անեն, բայց պետք է ստանան մեզ անհրաժեշտ հացահատիկի քանակը»,-ասել է նա:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---