Փիլոյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. Քրգործով ևս 8 մեղադրյալ կա

Փիլոյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. Քրգործով ևս 8 մեղադրյալ կա

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Քրեական գործով ևս 8 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ԱԻՆ պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

Բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, նրա խորհրդականը, ինչպես նաև ԱԻՆ 10-ից ավելի աշխատակից, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Պարզվել է, որ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊԸ օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին ԱԻՆ-ում աշխատանքի ընդունելու համար:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց աշխատանքի ընդունելու համար յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնությաmb, 2021-ի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, պարգևատրումներ ստացածների օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:

Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Քննիչի որոշմամբ վերջինս մարտի 30-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---