Փաշինյան․ ԼՂ-ից ՊԲ-ի դուրսբերումը կնշանակի հանել հայերին Լեռնային Ղարաբաղից

Փաշինյան․ ԼՂ-ից ՊԲ-ի դուրսբերումը կնշանակի հանել հայերին Լեռնային Ղարաբաղից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն։

Նա հավելել է, որ դրանով հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանությունները՝ օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրսբերում։

«Սա առավել, քան կամայական մեկնաբանություն է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան: Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021-ի նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի: (Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից ակնհայտորեն մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները մենք, իհարկե, շարունակում ենք):

Բայց պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և, ըստ էության, այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է: Սրանով է նաև հիմնավորվում Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ նախկինում հայկական կողմն առաջարկել է լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը՝ նկատի ունենալով Փառուխի հետ կապված իրադարձությունները:

«Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա»,-ասել է նա:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---