Մարուքյան․ Ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ պատասխանատվությունից

Մարուքյան․ Ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ պատասխանատվությունից

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել և սպասում է բանակցային գործընթացի մի հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել և ավելի լավ տարբերակներ են ունեցել։

Նա նշել է, որ, վարչապետի վերջին ելույթից հետո խորհրդարանական ընդդիմությունը ևս ընդունում է, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է, ինչպես իրենք են ասում՝ պատերազմից 5 է պակաս։

«Պարզվում է` վարչապետը ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է փակ հանդիպման ձևաչափով ներկայացնել և քննարկել տեղի ունեցող գործընթացի մասին տեղեկություններ, ինչը մերժվել է ընդդիմության կողմից։ Այնուհետև առաջարկվել է նույնպիսի քննարկում իրականացնել ԱԺ խորհրդի կազմով, որտեղ խորհրդարանի ընդդիմադիր առաջնորդները ներկայացված են: Այս առաջարկը նույնպես մերժվել է:

Այս համատեսքստում այսօր դիտել եմ թեմային առնչվող բոլոր ընդդիմադիր գործիչների հարցազրույցներն ու ելույթները։ Ամեն բան ասացին, ամեն պատրվակ ներկայացրին խորհրդարանականները, բացի նրանից, թե ինչու չեն համաձայնում ստանալ ամբողջական տեղեկատվություն առաջնային աղբյուրից Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ, իրենց ներդրումն ունենալ որպես ՀՀ օրենսդիր իշխանության մաս, վարչապետի հետ խոսել ՀՀ դիրքորոշման ու անելիքների մասին, ներկայացնել առաջարկներ կամ անհամաձայնություն հայտնել։

Ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական ճակատում այսքան լարված իրավիճակում ամեն բան մի կողմ դնել, նստել ու քննարկել եղած հնարավորություններն ու ելքերը։ Ընդ որում՝ չի եղել որևէ իրավիճակ, երբ իմ խորհրդարանական գործունեության ընթացքում` ո'չ Ապրիլյան պատերազմից առաջ և ո'չ էլ հետո գլխավոր բանակցողը հրավիրեր խորհրդարանական ընդդիմությանը՝ ներկայացնելու և քննարկելու բանակցային գործընթացի մասին որևէ տեղեկություն կամ հարց։

Սակայն այժմ, այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։

Սա վաղուց արմատացած անառողջ մթնոլորտի դրսևորում է, որը որևէ կերպ մեր երկրի դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների առաջ չի բարձրացնում։

Ակնհայտ է, որ ընդդիմությունն սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել և որ իրենք ավելի լավ տարբերակներ են ունեցել»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ Մարուքյանի՝ հնարավորություն դեռ կա որպես օրենսդիր իշխանության մաս այդ գործառույթներն իրականացնելու համար։

Աժ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, արձագանքելով խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, պարզաբանել է, թե ինչու է ընդդիմությունը մերժել ԱԺ խորհրդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը:

Մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Արցախում և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԽ նիստի հայտարարությանը, պարզաբանումներ է տվել և հայտարարել, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---