Վարչապետն ու Իտալիայի ԱԳ նախարարը խոսել են ԼՂ շուրջ իրավիճակի և ներդրումային համատեղ ծրագրերի մասին

Վարչապետն ու Իտալիայի ԱԳ նախարարը խոսել են ԼՂ շուրջ իրավիճակի և ներդրումային համատեղ ծրագրերի մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում:

Լուիջի դի Մայոն ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Հայաստանի հետ գործակցությունը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Իտալացի նախարարը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Լուիջի դի Մայոն Իտալիայի աջակցությունն է հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---