Փաշինյան․ ԼՂ կարգավիճակը պետք է բանակցությունների առարկա դառնա, ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունն էական է

Փաշինյան․ ԼՂ կարգավիճակը պետք է բանակցությունների առարկա դառնա, ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունն էական է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է բանակցությունների առարկա դառնա։

Վարչապետը նաև հավելել է, որ հայկական կողմն էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակի աշխատել այդ ուղղությամբ։

Նա հաստատել է, որ ընդունելի են համարում Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկները, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ այս հարցերն ընդգրկված են Ադրբեջանին ներկայացված պատասխանում և բանակցությունների առարկա պետք է դառնան։

Վարչապետը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն քննարկումը «իրավիճակի միասնական գնահատականի չի հանգեցրել»։

Նա ասել է, որ Փառուխի հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։

«Բրյուսելում Փառուխի թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չեմ համարել, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է։ Այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն արվում է»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է՝ հայկական կողմն ակնկալում է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---