ՀՀ նախագահի առաջիկա այցը Իրան շատ կարեւոր է հարաբերությունների հետագա զարգացման համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեխբախանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:



Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իրանի հետ պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, բարեկամություն, որը մեկ ագամ չէ, որ ապացուցվել է հատկապես դժվարին ժամանակներում: Այսօր եւս, ըստ Տիգրան Սարգսյանի, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը առիթ է ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որը կուժեղացնի թե' Հայաստանի եւ թե' Իրանի դիմադրողականությունը ճգնաժամի բացասական ազդեցությունների հանդեպ: Այդ համատեքստում կարեւորելով ՀՀ նախագահի առաջիկա պաշտոնական այցը Իրան, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, կնպաստի, որպեսզի երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերն ավելի մեծ թափով իրականացվեն:



Նախարար Համիդ Բեխբախանին եւս ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարեւոր բարեկամ երկիր է, որի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ տնտեսության այլ բնագավառներում իր երկրի արտաքին տնտեսական հարաբերությունների առաջնահերթություններից է: Մասնավորապես, տրանսպորտի ոլորտում նախատեսվող երկկողմ ծրագրերի թվում Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը կարեւորել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը: Նա նշել է, որ այցի ընթացքում գործնական հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարների հետ, որի արդյունքում հիշյալ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ:



Ըստ Համիդ Բեխբախանիի, աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով` երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսավորման աղբյուրների հստակեցում, ամենաօպտիմալ ուղղության ընտրություն եւ շինարարության իրականացում: Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է այդ 3 փուլերում էլ հնարավորինս օժանդակել Հայաստանին` սեղմ ժամկետներում կյանքի կոչելու կարեւոր այդ նախագիծը: «Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, եւ մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ կապը, երթեւեկությունը մեր երկու երկրների միջեւ հնարավորինս դյուրացվի», - ասել է նախարարը:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ ուղիղ կապով երկաթգծի կառուցմամբ, որի բացակայությունը թույլ չի տալիս լիովին օգտագործել երկու կողմերի ունեցած ողջ ներուժը: Ըստ վարչապետի, Հայաստան-Իրան երկաթգծի գործարկմամբ մեր երկրի ապրանքաշրջանառության ոլորտում իրավիճակն էապես կփոխվի, բազմաթիվ ձեռնարկություններ կսկսեն աշխատել, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում կան նախագծեր, որոնց իրագործումը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---