ԱԽ քարտուղար․ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին բազմաթիվ գործընկերներ են խոսել՝ անուններ չեմ տա

ԱԽ քարտուղար․ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին բազմաթիվ գործընկերներ են խոսել՝ անուններ չեմ տա

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ միջազգային հանրությունը ներկայացնող բազմաթիվ գործընկեր են խոսել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին։

Գրիգորյանն այդպես է պատասխանել Պետրոս Ղազարյանի հարցին՝ հավելելով, որ անուններ տալ չի կարող, բայց խոսքը մի հոգու մասին չէ։

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե անվտանգության ինչ երաշխիքներ կան, «եթե նշաձողն իջեցվի»՝ Գրիգորյանն ասել է, որ այդ երաշխիքները պետք է բանակցությունների ընթացքում ձևավորվեն։

«Բազմաթիվ գործընկեր են այդ մասին մեզ հետ խոսել․․․ Այնպես չէ, որ ասել են՝ եթե նշաձողն իջեցնեք, սրանք են լինելու անվտանգության երաշխիքները։ Անվտանգության երաշխիքները ստեղծվելու են Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացում և միջազգային հանրության աջակցությամբ։ Եթե չլինեն անվտանգության երաշխիքներ, բնականաբար, մենք այդ ուղղությամբ չենք շարժվի, կպահպանվի ստատուս քվոն»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հեշտությամբ խախտում է ցանկացած համաձայնագիր, պայմանավորվածություն, նույնիսկ ՌԴ հետ՝ Գրիգորյանն ասել է, որ երաշխիք պետք է լինի ոչ միայն, օրինակ, խաղաղության համաձայնագիրը, այլ նաև մեխանիզմները։

ԱԽ քարտուղարը որպես օրինակ է բերել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ, ըստ նրա, ոչ միայն տեքստն է երաշխիքը, այլև մեխանիզմները՝ «օրինակ, խաղաղապահների ներկայությունն Արցախում»։

Գրիգորյանը հավելել է, որ ամեն դեպքում ՀՀ իշխանությունները ձգտելու են հավելյալ երաշխիքներ ստանալ Արցախի անվտանգության ապահովման հարցում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։

Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---