Վարչապետ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն

Վարչապետ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ կատարած իր պաշտոնական այցին, ասել է, որ կարևոր արդյունքներից է ԼՂ կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը։

Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:

Փաշինյանն ընդգծել է, որ չնայած այն դժվարություններին, որ առաջացել են համանախագահների շրջանում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների պատճառով, համանախագահող բոլոր երկրները հավատարիմ եմ մնում իրենց մանդատին։

«Նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան, քաղաքական մակարդակով հաստատում են իրենց հանձնառությունն՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս:

Անդրադառնալով Արցախում տեղակայված խաղաղապահների գործունեությանը՝ Փաշինյանն ասել է, որ որոշ դրվագներում «խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա»:

Նա կրկին հույս է հայտնել, որ խաղաղապահները կապահովեն, որ Փառուխ ներխուժած ադրբեջանական զինուժն ամբողջությամբ հետ քաշվի։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել է, որ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019-ին։ Նա ասել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժացնելուն»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---