Փաշինյան․ Անհնար է երևակայել, որ ԼՂ հարցում որևէ բովանդակություն բանակցվի և իրագործվի ծածուկ

Փաշինյան․ Անհնար է երևակայել, որ ԼՂ հարցում որևէ բովանդակություն բանակցվի և իրագործվի ծածուկ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության բացման խոսքում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։

Խորհրդակցությունը նվիրված է Արցախում իրականացվող ծրագրերին և առկա խնդիրների լուծման ուղիներին: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաներ:

«Հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո, նաև պատերազմի ընթացքում կառավարության աշխատանքները մշտապես կոորդինացրել են և կարևոր են համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն ՀՀ կառավարության ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին:

«Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել: Գիտեք, ես երբեմն մտածում եմ, թե այդ մասին հատուկ շեշտադրում անելու անհրաժեշտություն չկա, որովհետև դա այնքան տրամաբանական փաստ է, որ շեշտադրելը նույնիսկ երբեմն կարող է ավելորդ լինել: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Այս է պատճառը, որ մենք մշտապես, պարոն նախագահ, Ձեզ հետ անձամբ կապի մեջ ենք: Նաև մեր մյուս գործընկերներն աշխատում են զուգահեռ Արցախի գործընկերների հետ:

Կարևոր եմ համարում և բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը: Եվ ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Եվ պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ համատեղ աշխատանքի հսկայական հատվածը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին:

«Եվ սա առանցքային է, որովհետև էլի սկզբունքային է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում մարդիկ ապրեն, իրենց զգան անվտանգ և ապագա տեսնեն Արցախում ապրելով: Իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, Հայաստանի Հանրապետության մասին է, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում: Սա շատ կարևոր է: Ուրախ եմ և ուրախ եմ լինում, երբ Արցախի իշխանություններն այդ համոզմունքը կիսում են»,-ասել է նա։

Արայիկ Հարությունյանը պատասխան խոսքում ասել է․ «Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»:

Ավելի վաղ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---