Իրանի դեսպան․ Անընդունելի են միջանցքների մասին արտահայտությունները, ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը

Իրանի դեսպան․ Անընդունելի են միջանցքների մասին արտահայտությունները, ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Դեսպանը ներկայացրել է Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսության՝ հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։

Քաղաքական մի քանի շեշտադրում անելով՝ դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին և ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․ «Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը», ասվում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Սյունիքի մարզպետն ու Կապանի ղեկավարը շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։

«Ձեր տեսակետը կարևոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար», - ասել է Ղուկասյանը։

Իրանական կողմը խոսել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրենց հետաքրքրվածության մասին ևս ու տեղեկացրեl, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան։

Զոհուրին նշել է, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։ Կողմերը խոսել են նաև հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի համագործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։

Գևորգ Փարսյանը հայտնել է, որ սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Անդրադարձ է եղել նաև մարզկենտրոնի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։

Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---