Աղաջանյան․ ՀՀ-ն կտրականապես մերժել է սահմանի վերաճշգրտման մասին Թուրքիայի ակնարկը

Աղաջանյան․ ՀՀ-ն կտրականապես մերժել է սահմանի վերաճշգրտման մասին Թուրքիայի ակնարկը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով ՀՀ հետ սահմանը վերաճշգրտելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությանը, ասել է, որ նման ակնարկ եղել է, բայց ՀՀ-ն կտրականապես մերժել է այն։

Հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ՝ Աղաջանյանը պատասխանել է, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։

Աղաջանյանը շեշտել է․ «Այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։

«Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասել է Աղաջանյանը։

Նա հավելել է, որ Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չեն տեսնում։

«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշել է Աղաջանյանը։

Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը՝ ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանել է, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նշվել էր, որ նման հարց օրակարգում չկա:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը, խոսել է հայ-թուրքական «սահմանի ճշտման համար» հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին։ «Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---