Թաթոյան․ Միջազգային հանրությունից թաքցվել են Ադրբեջանի հանցավոր արարքները՝ դրանք թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից

Թաթոյան․ Միջազգային հանրությունից թաքցվել են Ադրբեջանի հանցավոր արարքները՝ դրանք թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ազգային ժողովում անցյալ տարվա իր եզրափակիչ ելույթը՝ նշելով, որ այն ամենը, «ինչ զգուշացրել էր, այս 1 տարում կատարվել է»:

Նա նշել է, որ պատերազմից հետո միջազգային հանրությունից թաքցվել են ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից:

Նա նշել է, որ ՀՀ բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաներ արդարացրել ու օրինականացրել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, արել ու շարունակում են անել Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ:

«Այս հայտարարությունները պետք է զրկվեն լեգիտիմությունից և չեն կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում, քանի որ առնվազն`

1) Արվել են են քաղաքական կամ անձնական նեղ շահերի համար` իրենց նկատմամբ դժգոհություն առաջ չբերելու կամ սեփական սխալները կոծկելու համար: Չունեն մասնագիտական հիմքեր:

2) Ավերում են Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել են իրական վտանգներ Հայաստանի ու Արցախի բնակչության կյանքի և մյուս կենսական իրավունքների համար:

3)Խոչընդոտում են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում:

Հետևողականորեն անտեսվում է, որ ադրբեջանական պետական դոկտրինում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու էթնիկ ու կրոնական թշնամանքի քաղաքականություն և այլն»,-գրել է նա։

Թաթոյանը նշել է, որ անպաժելիության պայմաններում շարունակվում են պատերազմական հանցանքները:

«Պատերազմի ավարտից հետո միջազգային հանրությունից թաքցվել են ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից: Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա:

Կառավարությունն էլ հետո դատապարտելի կերպով առաջ քաշեց «Զորքերը հայելային հետ քաշելու» Հայաստանի ու Արցախի անվտանգության համար կործանարար, մասնագիտական հիմքից զուրկ քաղաքական մոտեցումը:

Այս կերպ նաև խոցելի դարձվեցին մեր Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։

Հետո էլ արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարեզ: Այս ամենը միջազգային ասպարեզում ազատեց Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվեց աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր:

Այո´, միջազգային հանրությունն անարդար գտնվեց մեր նկատմամբ, բայց մյուս կողմից ի՞նչ ենք ուզում արտաքին աշխարհից, երբ ինքներս ենք ձախողում մեր «տնային աշխատանքը» և այնպես ենք անում, որ զրկվենք միջազգային անհրաժեշտ պաշտպանությունից ու հայտնվենք աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---